Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կընդունի ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություններ կարդալու գաղափարը, եթե այն հնչեցվի ոչ թե ասուլիսի ընթացքում, այլ լուրջ հանգամանքներում:

«Եթե պարոն Աշոտյանը ավելի պատշաճ պայմաններում եւ ավելի հանգամանորեն ամեն ինչ ձեւակերպի, ես կմտածեմ այդ ուղղությամբ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը` անդրադառնալով մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Աշոտյանի այն հայտարարությանը, թե Ստյոպա Սաֆարյանին հրավիրելու է ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություններ կարդալու:

Վերլուծաբանը նկատեց, որ այն հաստատությունում, որտեղ նախկինում դասավանդել եւ պետք է դասավանդի, ապահովված է եղել իր ակադեմիական ազատությունը, մինդեռ ՀՀԿ դպրոցում ազատ արտահայտվել կարողանալու հարցում այնքան էլ վստահ չէ, իսկ այնտեղ դասախոսելը չի բացառի, եթե անհրաժեշտ պայմաններն ապահովվեն: 

«Զգացված եմ, որ ինձ գնահատում են որպես ինչ-որ մի խնդրի եւ ոլորտի վերաբերյալ փորձագետի, բայց այնտեց, որտեղ ես դասավանդել եմ, ապահովված է եղել լիարժեք ակադեմիական ազատություն: Եթե Հանրապետական կուսակցության քաղաքական դպրոցի ունկընդիրները պատրաստ են շատ անկեղծ, ազատ, անկախ, անկողմնակալ դասախոսություններ լսել, ապա ես ընդամենը կարող եմ չբացառել, որ կհամաձայնեմ, եթե, իհարկե, մնացած բոլոր պայմանները ընդունելի լինեն»,-նշեց վերլուծաբանը:

Ստյոպա Սաֆարյանը, ի տարբերություն շատերի, դրական է գնահատում ՀՀԿ-ի քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարը, եթե այն չվերածվի «կարիերիստ երիտասարդներ պատրաստելու պարտիական դպրոցի»:

«Տա Ատված, այս դպրոցը ուղղակի ճանապարհ չլինի բացառապես պաշտոնի ձգտող մարդկանց համար, այլ լինի իրենց գաղափարները ավելի ցիվիլ ներկայացնելու բեմահարթակ: Եթե այդպես լինի, ապա ես ողջունում եմ այս գաղափարը, գոնե Հանրապետական կուսակցությունում բանավեճի նորմալ ընկեր կունենանք»,-ասաց նա:

Վերլուծաբանը ընդգծեց, որ եթե ՀՀԿ դպրոցի համակիրները անդամագրվեն ոչ թե պարտադրանքի, այլ քարոզչական մեխանիզմների արդյունքում, ապա մենք կունենանք բոլորովին այլ Հանրապետական կուսակցություն եւ պետական կառավարման համակարգ: