Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանոցի տարածքում ամբողջ գիշեր բնակիչներն ու փրկարարները որոնել են նախոդ օրվանից կորած 80-ամյա Վարդիթեր Ս.-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը:
«Տնից դուրս է եկել, գնացել է դեպի հարակից դաշտ, հետո ասացին, որ գերեզմանոցի կողմերում են տեսել: Մինչեւ լուսադեմ որոնել ենք, բայց չենք գտել»,- ասաց գյուղապետը:
Արամյանը հայտնեց, որ տարեց կնոջ հարազատներն ասել են, թե հիշողության կորուստ ունի:
Նշենք, որ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել մարտի 31-ին գիշերը 00:30-ի սահմաններում, համաձայն որի, մարտի 30-ին ժամը 15.00-ի սահմաններում 80-ամյա Վարդիթեր Ս.-ն դուրս է եկել Կոտայքի մարզի գ. Մրգաշեն 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից դեպի հարակից դաշտ և չի վերադարձել:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:



























