Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը երկար ժամանակ տնօրեն չունի, քանի որ տնօրենի թեկնածության հարցում համաձայնության չեն գալիս գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը տնօրեն չունենալու մասին ահազանգել եմ մի քանի անգամ, որովհետեւ երկար ժամանակ է դպրոցն անտնօրեն է: Հարց կտաք՝ ինչո՞ւ: Պատասխանում եմ, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում: Առաջին թեկնածուն այդ գյուղում միակ հավաստագիր ունեցող ուսուցիչն էր, ով անցյալ տարի այդպես էլ չընտրվեց, հետո մեկ այլ թեկնածուի ուղարկեցին հավաստագրման քննության, որը մի քանի անգամ չհաջողելուց հետո, վերջապես ստացավ հավաստագիր ու մասնակցեց դպրոցի կառավարման խորհրդի հայտարարած մրցույթին, որը տեղի է ունեցել մարտի 29-ին ու լինելով միակ թեկնածուն, չի ընտրվել, որովհետեւ գյուղապետը ասացեք խնդրեմ, «հավան» չի նրան:

Լավ, իսկ գյուղի բնակիչները, որոնցից երկուսն անպայման կառավարման խորհրդի անդամ են, ինչո՞ւ չեն մտահոգվում, թե ո՞վ է վերջապես լինելու իրենց երեխաների կրթության կազմակերպողը, ինչո՞ւ են գյուղապետի քմահաճույքով առաջնորդվում, ինչո՞ւ չեն պահանջում դպրոցի տնօրենի պաշտոնում ունենալ այն մանկավարժին, ում ամենաշատն են ընդունում ու սիրում իրենց երեխաները:

Ընդհանրապես չեմ հասկանում Դրախտիկ գյուղի ծնողների անտարբերությունն իրենց երեխաների կրթության նկատմամբ: Վերջապես, ի՞նչ է մտածում մարզպետ պարոն Գրիգորյանը: