«Սեդրակյան» բարեգործական հիմնադրամն այս ամիս ստացել է պետական գրանցում և սկսել է իր գործունեությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Սեդրակյանը:

«Մեր հիմնական նպատակը բարձրագույն կրթության խթանումն է: Առաջնային նպատակներն են օգնել և աջակցել այն երիտասարդներին, ովքեր գիտակցում են որակյալ կրթության, ինքնազարգացման և դրանց միջոցով հայրենիքին օգտակար լինելու հանգամանքը»,-ասել է նա:

Այս նպատակների իրագործման համար հիմնադրամը կազմակերպում է «Առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթ», որն այս տարի մայիսի 14-ին կանցկացվի առաջին անգամ և կդառնա ամենամյա:

Մրցույթի մրցանակային 3 տեղերի հաղթողները կստանան բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման համապատասխանաբար 4, 2 և 1 տարվա վարձի փոխհատուցման հավաստագրեր: Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել միայն Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դպրոցների իններորդ դասարանների աշակերտները: