Սեպտեմբերի 23-ին` աշնանային գիշերահավասարին, ժամը 17:00-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կայացել է միջոցառում` նվիրված Նախնյաց Հիշատակի օրվան (Սուրբ Խաչ):

«Այդ օրը երկրում (երկրային կյանքով) ապրողներն իրենց մեջ նորոգում են հավերժության զգացողությունը եւ շփվում են նախնիների հոգիների (երկնային կյանքով ապրողների) հետ…

Այդ օրը հարաբերվում են Երկնային ու Երկրային Հայկական Աշխարհները եւ վերաիմաստավորվում է Հայոց Առաքելությունը` Տիեզերակարգի համաձայն»,- ասված է Հայ արիների հայտարարության մեջ:

ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվել է նաեւ ծիսական արարողություն եւ փառաբանվել են «Հայոց Նախնիք, Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը»:

Ծիսական մասն անցկացրել են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի քրմի թեկնածուները:

Վերջում հայ-արիները տոնական ու ծիսական գինեձոներով հիշել են Հայոց բոլոր Մեծերին: