2005 թվականին մի խումբ հայ խանդավառ երիտասարդների ջանքերով ստեղծվեց «Արաքս» համակարգչային օպերացիոն համակարգը։ Այժմ մշակվում է օպերացիոն համակարգի երկրորդ, ընդլայնված տարբերակը, որն առաջիկա մեկ ամսվա ընթացքում արդեն հնարավոր կլինի անվճար ներբեռնել ինտերնետից։
Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ծրագրավորող Նորայր Չիլինգարյանը, ով համակարգում է «Արաքս» օպերացիոն համակարգը մշակող թիմի աշխատանքը։
Օպերացիոն համակարգում ներառված են տառասխալները ստուգող ծրագրեր, բառարաններ, մեդիա ֆորմատները կարդացող ծրագրեր եւ այլն։
«Արաքս» օպերացիոն համակարգը անվճար լինելուց բացի՝ ունի մի շարք այլ առավելություններ. ավելի ապահով է եւ ավելի քիչ խոցելի՝ հատկապես վիրուսների գոյությունը այս օպերացիոն համակարգի պարագայում հավասարվում է նվազագույնի»,- ասաց Ն. Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ «Արաքս»-ում օգտագործված են նոր տեխնոլոգիական մոտեցումներ, ինչի արդյունքում օպերացիոն համակարգի աշխատանքը չի դանդաղում եւ անգամ համակարգչի ծանրաբեռնվածության ժամանակ աշխատանքը չի ընդհատվում։
Ոչ միայն օպերացիոն համակարգը այլեւ հավելյալ ծրագրերը հնարավոր կլինի տեղակայել (install) ընդամենը մկնիկի մեկ հարվածով:
Ն. Չիլինգարյանը նշեց նաեւ, որ «Արաքս»-ը միայն հայկական օպերացիոն համակարգ չէ, քանի որ հայերենից բացի կան ռուսերեն, վրացերեն, պարսկերեն լեզուներով ծրագրեր:





























