Ընտրական օրենսգրքի նախագծով Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետի ընտրության կարգի փոփոխությունը անկուսակցական թեկնածուներին այլընտրանքի հնարավորություն չի թողել, քանի որ դարձել է ավագանու ընտրություն։ Սա նշանակում է, որ կուսակցությունն է մասնակցելու ավագանու կազմով։ Աշնանը Գյումրիի քաղաքապետի ընտրություններն են, իսկ հավանական թեկնածուներ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռեւս անկուսակցական են։ Թե իշխող մեծամասնության ցուցակի գլխավոր դերը ում է բաժին հասնելու, դեռեւս հստակ չէ, թերեւս այս հանգամանքն էլ նպաստել է թեկնածուների կուլիսային փոխհրաձգությանը, որն արդեն մեկնարկել է։ NEWS.am-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է Մարտուն Գրիգորյանը։
Պարոն Գրիգորյան, քաղաքապետի ընտրության մոդելի փոփոխությունը ազդե՞լ է Ձեր հավակնությունների վրա։ Ստացվում է՝ ուզեք, թե ոչ, ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ քաղաքապետի ընտրությունների դեպքում որեւէ կուսակցություն պիտի անդամագրվեք։
Դե անկուսակցական մարդու համար խնդիր է ստեղծում, քանի որ եթե նախկինում իր համայնքում ընդունված էր ու ցանկություն չուներ գտնվելու որեւէ կուսակցության դաշտում, այս պարագայում ստիպված է։ Բայց այս պահի դրությամբ ես հայտարարություն չունեմ, որ մասնակցելու եմ քաղաքապետի ընտրություններին, ուղղակի ընդհանուր առմամբ խնդիրն այն է, որ ով ցանկություն ունի առաջադրվելու, պետք է մտնի կուսակցություն։ Այս պարագայում իմ մասով պատասխանեմ, որ հստակ որոշում չունենք։
Ընտրության մե՞ծ հնարավորություն ունեք։
Ճիշտն ասած Գյումրիի պարագայում կուսակցական լինելը միշտ էլ խնդիր է եղել, քանի որ գյումրեցիները ավելի շատ ընդունել են անհատին, ոչ թե կուսակցությանը, իսկ եթե կուսակցությանը ընդունել են՝ էլի անհատի գործոնն են հաշվի առել։ Այս առումով այլ իրավիճակ է ստեղծվել․․․
Գյումրիում վտանգավոր չէ՞ իշխանության թեկնածու լինելը, եթե հաշվի առնենք՝ Սահմանադրական փոփոխությունների, նախագահական ընտրությունների արդյունքների պատկերը, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով ընդդիմությունը հաղթում է այս քաղաքում։
Ամեն դեպքում որքան էլ որ կուսակցական ընտրություն է քաղաքապետի ընտրությունը, այնուամենայնիվ կրկնում եմ՝ անհատի գործոնը մեծ նշանակություն ունի քաղաքապետի ընտրությունների համար։ Քաղաքացին ընտրելու է ավելի շատ ցուցակը գլխավորած անհատին։
Գործող քաղաքապետի մասին լուրեր կան, որ հնարավոր է՝ ինքը գլխավորի ՀՀԿ-ի ցուցակը, Դուք ի՞նչ եք անելու․․․
Ես չեմ կարող ասել, ես որեւէ որոշում չունեմ, իսկ Բալասանյանի վերաբերյալ չեմ կարող ոչինչ ասել, ինքը կարող է պատասխանել այդ հարցին։
Բացառո՞ւմ եք Ձեր վերադարձը ԲՀԿ։
Այս պահի դրությամբ անորոշ վիճակ է, հստակ պատասխաններ չկան, քանի որ դա կախված է իմ թիմի հետ քննարկումներից։ Ընտրական օրենսգրքի քննարկումներն ավարտվեն, հասկանանք՝ ինչ է կատարվում եւ ըստ այդմ որոշենք։
Ինչն է խոչընդոտում հստակեցնել անելիքները, ի վերջո ընտրությունն այս տարվա աշնան է լինելու։ Կուսակցությա՞ն հարցը չի լուծվում։
Ես էլի եմ ասում այդ առումով խնդիր չեմ տեսնում, քանի որ ընտրողները հակված են անհատին, այսինքն դա ավելի շատ են հաշվի առնում քան կուսակցության հանգամանքը, ուղղակի պետք է նայել, հասկանալ ժողովրդի ուզածը, պատկերացումները։ Հեշտ որոշում չէ։




























