Ուրցաձորի կենդանիների վերականգնման կենտրոնում մարտի 10-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված 43-ամյա Արտյոմ Ավետիսյանն արդեն վերադարձել է իր ուզած կյանքին, չնայած որ սովորականի նման դեռեւս չի կարողանում ընկերների հետ առավոտները վազել եւ սպորտով զբաղվել:
NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմը նշեց, որ արդեն չորս օր է`տանն է, իրեն լավ է զգում, միայն օրը մեջ գնում է վիրակապը փոխելու:
«Երեւի արդեն իմ ուզած կյանքին եմ վերադարձել: Առավոտները ընկերներիս հետ դուրս եմ գալիս, իրենք վազում են, ես քայլում եմ: Վերքերս չորանում են, մնում է` մատներս աշխատեն, կաշխատեն, կաշխատեն, չաշխատեն, էլի գոհ եմ, որ էդ գիշատիչի ձեռքից հեշտությամբ պրծել եմ»,-ասաց Արտյոմը:
Առյուծից փրկելու համար Արտյոմը մատաղ է արել, նույնիսկ ցանկացել է իրեն վնասած առյուծին բաժին տանել, սակայն, ընկերները թույլ չեն տվել:
«Արգելանոցի մոտերքը` ընկերոջս ամառանոցում մատաղ արեցի, ուզում էի գնայի, առյուծին տեսնեի, մատաղի մսից տանեի, էն էլ տղերքը չթողեցին, ասեցին` խստացրել են, մտնել չես կարող: Հետո էլ, մի անգամ մտել էի, ի՞նչ խերվեցի, որ երկրորդ անգամ գնամ»,-ասաց Արտյոմը:
Արտյոմը, բժիշկների խոսքով, դեռ 8-9 ամիս բուժում պետք է ստանա՝ լիովին ապաքինվելու համար։ Նա դեռ Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է, վիրահատվել է, վիճակը կայուն է, տրամադրությունը՝ բարձր:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմը պատմել էր, որ մարտի 10-ին ընկերների հետ Խոսրովի անտառում ուտել-խմելուց հետո, որոշել էր գնալ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն, «սիրել» փետրվարի 10-ին Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծներից մեկին: Առյուծը Արտյոմին սխալ էր հասկացել, եւ ճանկել էր նրա աջ ձեռքը: Առյուծի ճանկերից նրան ազատել էր օգնության հասած պահակը, շեղել էր առյուծի ուշադրությունը, ինչից հետո Արտյոմին տեղափոխել էին հիվանդանոց:



























