Ճապոնական ավտոհսկա Toyota Motor Corp.-ը եւ ամերիկյան համակարգչային Microsoft Corp. կորպորացիան պայմանավորվել են համագործակցել այսպես կոչված «խելացի մեքենա» ստեղծելու համար, որն ի վիճակի կլինի ինքնակրթվել: Ինչպես երեքշաբթի հայտնել է գործարարների համար նածատեսված Nikkei թերթը, այդ նպատակով համատեղ ընկերություն կստեղծվի: Microsoft-ի «ամպային տեխնոլոգիաների» օգնությամբ այն կզբաղվի Toyota-ի ավտոմեքենաներից ստացված տվյալների հսկայական զանգվածների մշակմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նպատակներից մեկն ավելի կատարյալ անվարորդ մեքենա-ռոբոտների, դրանց տվյալների բազայի ակտիվ թարմացման համակարգերի եւ նավիգացիոն համակարգերի ստեղծումն է: Նախատեսվում է նաեւ մեքենաներին օժտել իրենց վարորդների սովորույթները եւ պահանջմունքները ճանաչելու կարողությամբ: Օրինակ, նրանք կսկսեն մտապահել նրանց սիրած երթուղիները եւ այնտեղ կայանման տեղեր պատվիրել` դրա համար խնդրելով տիրոջ թույլտվությունը:
Ավտոմեքենաները պիտի նաեւ հնարավորություն ստանան հետեւելու վարորդի առողջական վիճակին` ղեկի միջոցով հաշվելով, օրինակ, նրա զարկերակի զարկերը:




























