Կենսաթոշակային բարեփոխումների մասին քննարկումները կառավարությունում շրջանառվում են արդեն 10 տարի. ոչ մի կառավարություն ընթացք չի տվել հարցին, եւ ներկայիս կառավարությունը, սկսելով այսքան բարդ մի գործընթաց, մեծ ռիսկի է դիմում։ Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով, կենսաթոշակային բարեփոխումներ փաթեթը ձգձգվում էր քաղաքական ռիսկի պատճառով։ «Ռիսկը հետեյալում է։ Այն կառավարությունը, որը կսկսի բարեփոխումները, ժամանակավորապես չի կարողանա կենսթոշակները բարձրացնել այնքան, որքան որ կարող է։ Օրինակ, մինչեւ 40 տարեկան աշխատող անձինք իրենց եկամտից ամսական մուծում են 5 տոկոս, եւ 5 տոկոս էլ՝ մինչեւ 25 հազար դրամ, մուծում է պետությունը։

Այսինքն՝ այս բավական մեծ գումարները պետությունը կարող է օգտագործել այսօրվա կենսաթոշակը բարձրացնելու եւ ոչ թե վաղվա թոշակառուին բարձր թոշակ տալու համար։ Սա լուրջ քաղաքական հայտ է»,- ընդգծեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ գործող կառավարությունը «այդ քաղաքական ռիսկին գնացել է՝ հայտարարելով, որ այսօրվա սերունդը թող ունենա որոշակի դժվարություններ, պայմանով, որ վաղը ապահով ծերություն ունենա»։

«Այնպես որ, այսօր երիտասարդները պետք է հասկանան, որ այս բոլոր քայլերը կատարվում են իրենց վաղվա օրվա համար։ Եթե այսօր դուք աշխատում եւ վճարում եք ձեր ծնողների կենսաթոշակների համար, ապա կենսաթոշակային բարեփոխումների իրականացումից հետո դուք վճարելու եք մի մասը ձեր, մյուս մասը՝ ձեր ծնողների համար, եւ այն մասով, որով դուք վճարելու եք ձեր ապագայի համար, պետությունը մասնակցելու է եւ օգնելու է ձեզ»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Նա հիշեցրեց նաեւ, որ բարեփոխումները վերաբերելու են մինչեւ 40 տարեկան յուրաքանչյուր աշխատող քաղաքացու։ «Նրանք վճարելու են իրենց եկամտի 5 տոկոսը, 5 տոկոս վճարելու է պետությունը, եւ գումարը երաշխավորված ձեւով կառավարվելու է ֆոնդերի կառավարիչների կողմից, հսկողությունն իրականացնելու է Կենտրոնական բանկը, եւ 23 տարի հետո պետության կողմից երաշխավորված կարգով թոշակառուները ստանալու են գումարները»,- հավաստիացրեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ պետության նպատակն այն է, որ շատ վաստակող մարդիկ ստանան բարձր, քիչ վաստակողները՝ ավելի ցածր կենսաթոշակ։ «Համառորեն ձգտելու ենք կենսաթոշակառուներն ապահովել հնարավորինս բարձր կենսաթոշակներով։

Նշենք, որ կենսաթոշակների կուտակային նոր համակարգը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից։