Թեպետ կառավարությունն այսքան կաթոգին կերպով պաշտպանում է կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթը, սակայն դրանում շատ մեծ ռիսկեր կան։ Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Նրա խոսքով, կենսաթոշակային բարեփոխումները, որ սկսվել են դեռեւս 1999 թվականից, արդարացիություն չեն ապահովել։ «Բացի այդ, կենսաթոշակային նոր համակարգը վստահության զրոյական մակարդակ ունի։ Մեր երկրում ո՞վ կարող է ասել, որ կան մարդիկ, ում կարող ենք վստահել մեր գումարները։ Փաթեթում նշվում է, որ ավանդների պահառուն եւ կառավարիչները պետք է հնարավորինս անկախ լինեն միմյանցից, փոխկապակցված չլինեն իրար հետ, բարեկամ չլինեն, հարազատ չլինեն։ Մեր երկրում ո՞վ կարող է ասել, որ կան իրարից իսկապես անկախ երկու մարդիկ , որոնց էլ կվստահենք մեր գումարները»,- հարց բարձրացրեց Բաշխյանը։

Նշենք, որ ըստ բարեփոխումների նոր փաթեթի՝ մինչեւ 40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները վճարելու են իրենց եկամտի 5 տոկոսը, 5 տոկոս վճարելու է պետությունը։ Այդ գումարները երաշխավորված ձեւով կառավարվելու է ֆոնդերի կառավարիչների կողմից, հսկողությունն իրականացնելու է Կենտրոնական բանկը, եւ 23 տարի հետո պետության կողմից երաշխավորված կարգով թոշակառուները ստանալու են գումարները։
Կենսաթոշակների կուտակային նոր համակարգը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից։