Կենսաթոշակային գործող համակարգը մի մեխանիզմ է, որը հաշվի է առնում ընդամենը այն, թե մարդը քանի տարի է աշխատել։ Այս մասին սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Նրա խոսքով, եթե մարդն աշխատած 10 տարիներին մուծել է, ասենք, 5 մլն դրամ սոցվճար, մյուսն աշխատել է 30 տարի եւ վճարել է ընդամենը 500 հազար դրամ սոցվճար, ապա արդյունքում ավելի քիչ սոցվճար մուծած մարդն իր աշխատած տարիների հաշվին ստանում է ավելի բարձր կենսաթոշակ։ «Սա այսօրվա համակարգի սկզբունքն է, որի դեմ պայքարում ենք արդեն 10 տարի, եւ որն այժմ ուզում ենք փոխել։ Ամեն մի կառավարություն իր վրա չէր վերցնի այս ռիսկը»,- ընդգծեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ նոր համակարգը հնարավորություն է տալու յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր տարի փոխել քիչ եկամտաբերություն ապահովող կենսաթոշակային հիմնադրամին, ինչպես նաեւ օնլայն ռեժիմով հետեւել իր կուտակած գումարների վիճակին։
Նա նաեւ տեղեկացրեց, որ կենսաթոշակային նոր բարեփոխումներով թոշակային տարիքը նախատեսվում է 63-ից հասցնել մինչեւ 65-ի։ «Սա, սակայն, քննարկումների փուլում է»,- ասաց նա։
Ամփոփելով՝ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ Հայաստանն ունենալու է քառաստիճան կենսաթոշակային համակարգ: Առաջին աստիճանում սոցիալական թոշակ կտրվի այն անձանց, որոնք մինչեւ 5 տարվա աշխատանքային ստաժ ունեն։ Երկրորդ աստիճանում թոշակի իրավունք են ստանում 5-ից ավելի տարիներ աշխատանքային ստաժ ունեցող անձինք, որոնք ժամանակին կատարել են սոցապհատկացումներ։ Երրորդ աստիճանը պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն է։ Չորրորդ աստիճանում թոշակ կտրվի այն անձանց, որոնք կամավոր մուծումներ են կատարել հատուկ հաշիվների վրա: Հիշեցնենք, որ կենսաթոշակների պարտադիր ապահովագրմանը Հայաստանն անցում կկատարի 2014 թ. հունվարի 1-ից։




























