Ֆրանսիական «Էջիս բիսիոմ ինտերնեյշնլ» ընկերությունը հաղթող է ճանաչվել Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման աշխատանքների վերահսկողության, 2-րդ եւ 3-րդ վարկային տրանշների նախապատրաստական աշխատանքների խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով հայտարարված մրցույթում։ Այս խորհրդատվությունը Հայաստանին կարժենա 2 մլն դոլար եւ 1.4 մլն եվրո։

«Էջիս բիսիոմ ինտերնեյշնլը» աշխարհում բավական հայտնի խորհրդատվական ընկերություն է, որը ստեղծվել է 1949 թ.՝ Ֆրանսիայի տարածքային կառավարման նախարարության կողմից եւ հանդիսանում է կիսով չափ հանրային կազմակերպություն։

Այս առնչությամբ` ՀՀ վարչապետը նշել է, որ ընդունված որոշմամբ, Հայաստանում ձեւավորվում է ճանապարհաշինության նոր մշակույթ, ստեղծվում են նոր կարողություններ, որոնց արդյունքում պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներ։ Նոր տեխնոլոգիաների ներդրումը ժամանակ է պահանջում, սակայն դա արդարացված է աշխատանքների ակնկալվող որակով։