Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը կոչով դիմում է ողջ հայությանը` ընդվզելու օտարալեզու դպրոցների վերաբացմանը Հայաստանում:
ԵՀՄՖ-ի նախագահությունը դիմում է ԱԺ պատգամավորներին` հորդորելով, որ դեմ քվեարկեն սեպտեմբերի 27-ին երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Հանրակրթության մասին» եւ «լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ ենթադրող օրինագծերին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՀՄՖ նախագահության անդամ, լեզվի եւ մշակութի գծով պատասխանատու Լեւոն Մուրադյանը / Բրյուսել/, սփյուռքում արվում է ամեն ինչ երեխաներին հայեցի դաստիարակելու շուրջ եւ տարակուսանքով է ընկալվում հակառակ գործընթացի հիմնադրումը եւ զարգացումը Հայաստանում: «Օտար լեզվի ուսուցումն անհրաժեշտ է, բայց ոչ մայրենիի հաշվին: Եթե արհամարվի Խորհրդային Միության դառը փորձը, որի շնորհիվ հազարավոր հայերին օտարալեզու կրթության պատճառով անհասու էր մայրենի գրական լեզուն եւ հանճարեղ հայ գրականությունն ու մշակույթը, ապա այդ դեպքում բացարձակ անիմաստ է դառնում մեր պայքարը սփյուռքում մեր երեխաների ուծացման դեմ: Այո, եթե մենք հիմք ենք դնում մեր հայրենիքում մեր սերունդների ուծացմանն, ապա առավել եւս իմաստ ունի հեշտացնելու սփյուռքահայ երեխաների կյանքը`ազատելով նրանց մայրենի լեզուն եւ գրականությունը սովորելու «ավելորդ» տանջանքներից:
Հարգելի հայրենակիցնե'ր, ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք: Եկեք մտածենք մեր միջնակարգ դպրոցը եւ բարձրագույն դպրոցը կաշառակերներից մաքրելու մասին, գիտելիքների եւ կրթության մակարդակի բարձրացման ու դրա շնորհիվ մայրենիի եւ զուգահեռաբար օտար լեզուների ուսուցման մակարդակների կտրուկ վերելքի ապահովման մասին: Քանի դեռ ԲՈՒՀ ընդունվելը զուգահեռվում է բարձր մակարդակի կաշառակերության պրակտիկայով, մեր երկրում միշտ էլ լինելու են այսպիսի հակաժողովրդական, հակաազգային գործընթացների նկատմամբ թուլություններ եւ ոչինչ չի փրկելու մեր ժողովրդին ճիշտ ապագա կառուցելու գործում: Կոչ ենք անում. փրկենք մեր երկիրն օտարալեզու դպրոցներից եւ օտար դավանանքներից»,- ասված է ԵՀՄՖ հայտարարության մեջ:



























