Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցումը Երեւանի քաղաքապետարանի կողմից այս տարի իրականացվող ամենածավալուն ճանապարհաշինական ծրագրերից է: Սեպտեմբերի 24-ին շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Ծիծեռնակաբերդի խճուղի է այցելել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ծրագիրը բաղկացած է 2 փուլից,  շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 1 մլրդ 664 մլն դրամ է: Ի սկզբանե, 2010 թ.-ին նախատեսված էր իրականացնել մոտ 798 մլն դրամ ծավալով առաջին փուլի աշխատանքները, որոնք սկսվել էին հունիսին եւ նախատեսվում էր ավարտել հոկտեմբերի վերջին: 

Հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը եւ տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին` Երեւանի քաղաքապետը որոշել է 866 մլն դրամ արժողությամբ 2-րդ փուլի աշխատանքները նույնպես ավարտել այս տարի:

Խճուղու թողունակությունը մեծացնելու, խցանումներն ու վթարային իրավիճակները բացառելու  նպատակով ճանապարհը 4-5 մետրով լայնացվել է: Նախկին միաշերտ երթեւեկի փոխարեն ճանապարհի երկու կողմից 7 մ լայնությամբ երկշերտ երթեւեկություն կապահովվի:  Այս ճանապարհը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի, Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը:

Ծրագրի առաջին փուլով 2 կմ երկարությամբ խճուղու երկու կողմից 1.5 մ լայնությամբ մայթեր են կառուցվել, որ նախկինում չեն եղել: Խճուղու միջնամասում նախատեսվում է նաեւ տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույց /էստակադա/ , որն անընդհատ երթեւեկություն կապահովի Մարզահամերգային համալիրից դեպի «Հրազդան» մարզադաշտ եւ Բրազիլիայի հրապարակ:

Աշխատանքների արդյունքում հիմնովին փոխվել է 35 հազար քմ ասֆալտի շերտը: Ամբողջությամբ կփոխվի արտաքին լուսավորության համակարգը: Նորերով են փոխարինվել նաեւ խճուղու ստորգետնյա հատվածով անցնող հաղորդուղիները: