Այսօր՝ սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորում ընթացող «Գործարարության աջակցության հիմնահարցերը» թեմայով սեմինար խորհրդակցության ժամանակ բանավեճ կայացավ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ավագ մասնագետ Արամ Քոչարյանի միջեւ։
Աշխատանքային օրենսգրքի շուրջ ծավալվող քննարկումների ընթացքում գործարարները հարց բարձրացրին՝ արդյո՞ք կարող են շաբաթ օրերը մարդկանց կանչել աշխատանքի։ Այս հարցը հատկապես հետաքրքրում է խանութներին, որոնք աշխատում են մեկ հանգստյան օրով կամ առանց հանգստյան օրերի։
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը միանշանակ պնդեց, որ գործատուն կարող է աշխատանքային գրաֆիկը կազմել այնպես, որ շաբաթ օրերին մարդկանց աշխատանքի կանչեն՝ հավելավճարի վճարմամբ։ Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը նույնպես միանշանակ պնդեց, որ նման իրավունք գործատուները չունեն։ Հետաքրքիր է, որ երկուսն էլ վկայակոչում էին օրենքի նույն հոդվածը, սակայն տարբեր կետեր։ Բանավեճը թեժացավ այնքան, որ Հ. Հակոբյանը ասաց, որ նախարարությունները իրավունք չունեն օրենքի մեկնաբանություն կատարել։ «Կա թյուրըմբռնում նախարարության կողմից։ Օրենքի ցանկացած բառ հասկացվում է իր իմաստով, օրենքի բոլոր դրույթները աշխատում են ինքնուրույն ռեժիմով»,- սա պատգամավոր Հակոբյանի փաստարկն է։ Իսկ նախարարության ներկայացուցիչը, ընդհակառակը, ասաց, որ իրենք պարզաբանումներ տալու իրավունք ունեն եւ գործատուներին արգելում են շաբաթ օրերը մարդկանց աշխատանքի կանչել։
Որպես փոխզիջումային տարբերակ՝ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խորհուրդ տվեց կառավարության եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին համատեղ քննարկումներ կատարել եւ հանդես գալ օրենքի միասնական մեկնաբանմամբ։ Ի դեպ՝ նիստի ընդմիջմանը Հ. Նաղդալյանը իր շրջապատի մարդկանց ասում էր, որ «էս երկրում ոչ ոք նորմալ չի աշխատում, մնաց շաբաթ օրերի հարցը լուծեինք»:




























