Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:
Ինչպես Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, Բան Կի Մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում եւ մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով, Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչն զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը եւս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:
Ներկայացնելով մեկ տարի առաջ Հայաստանի արտգործնախարարի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջեւ կայացած հանդիպումից ի վեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ-թուրքական կարգավորման գործընթացին ցուցաբերած անվերապահ աջակցության համար:





























