Այսօր` սեպտեմբերի 27-ին կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության ոլորտում իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են խոշոր բուժհաստատությունների տնօրեններ։

ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանը զեկուցել է համավճարի սկզբունքի կիրառմամբ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում հուլիս-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքների մասին։

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են պետական պատվերի համակարգի բարեփոխմանը, ստվերայնության վերացմանն ու առողջապահական ապահովագրության զարգացմանն առնչվող հարցեր։

Կառավարության ղեկավարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել պիլոտային ծրագրի արդյունքները` ընդգծելով, որ ֆինանսական հոսքերի բացահայտումը հնարավորություն է տալիս վերացնել ստվերային վճարները ու բարելավել բարոյական միջավայրը բուժհաստատություններում։ Նա կարեւորել է գնագոյացման մեխանիզմի, այն է` մատուցվող ծառայությունների շուկայական գնի ամրագրումը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը։

Ամփոփելով քննարկման ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները` վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել ծրագրի հետագա միջոցառումների ժամանակացույց։