Սեպտեմբերի 12-ից Բյուրականում իր աշխատանքներն է սկսել երիտասարդ աստղագետների համար նախատեսված միջազգային դպրոցը, որը կազմակերպել է Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ):
«Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց»-ի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ Հայաստանն առաջին երկիրն է նախկին Խորհրդային միության տարածքում, որտեղ ՄԱՄ-ը նման դպրոց է կազմակերպում։
«Միջազգային աստղագիտության միությունը յուրաքանչյուր տարի ընտրում է մի երկիր, որտեղ եւ կայանում է երիտասարդ աստղագետների համար նախատեսված միջազգային դպրոցը։ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված դպրոցը թվով 32-րդն է»,-ասաց Ա. Միքայելյանը։
Նրա խոսքով՝ միջազգային դպրոցում սովորում է շուրջ 50 ուսանող, որից 15-ը Հայաստանից են, իսկ մնացածն արտերկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Եգիտպոսից, Հնդկաստանից, Վրաստանից,Պարսկաստանից եւ այլ երկրներից։ Միջազգային դպրոցում սովորում են նաեւ երկու երիտասարդ թուրք ուսանողներ, հարեւան երկրներից չի մասնակցում միայն Ադրբեջանը, ինչը, Ա. Միքայելյանի խոսքով, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ աստղագիտությունն այնտեղ թույլ է զարգացած։
Ա. Միքայելյանի խոսքով՝ Հայաստանում անցկացվող դպրոցն իր դասախոսների կազմով ռեկորդ է սահմանել. դպրոցում դասավանդում են աստղագիտության բնագավառի պրոֆեսիոնալներ, թվով 19 երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Բելգիայից, Ռուսաստանից։ Դասախոսներ կան նաեւ Հայաստանից։
«Այս դպրոցը աստղագիտության բնագավառի հայ մասնագետներին հիանալի հնարավորություն է տալիս փորձի փոխանակում իրականացնել»,-ասաց Ա. Միքայելյանը՝ նշելով, որ նախկինում լավագույն դեպքում կարողանում էին ընդամենը մեկ ուսանողի ուղարկել արտերկիր նման որեւէ դասընթաց անցնելու համար, սակայն այժմ դպրոցի միջոցով հիանալի հնարավորություն է ստեղծվում մեր հայ երիտասարդների համար որակյալ գիտելիքներ ձեռք բերել հենց Հայաստանում։
«Սա հիանալի հնարավորություն է հայ ուսանողների համար որակյալ եւ խտացված գիտելիքներ ձեռք բերել աշխարհի լավագույն մասնագետներից»,-ասաց նա, հավելելով, որ դպրոցի արտերկրյա մասնակիցների ճանապարհածախսը կազմել է շուրջ 36 հազ. դոլար, որը ֆինանսավորել է Միջազգային աստղագիտական միությունը, իսկ ներքին ծախսերը իրականացվել են UNESCO-ի ծրագրերից մեկի միջոցներով։
Նշենք, որ Բյուրականի աստղադիտարանում դպրոցը կշարունակվի երեք շաբաթ:




























