Հայաստանի պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրության մի շարք դեպքեր են բացահայտել:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իԻրականացված օպերատիվ-հետախուզական եւ վերահսկողական աշխատանքների արդյունքում հանքավայրի ապօրինի շահագործման եւ հանքաքարի վաճառքի դեպք է արձանագրվել:

Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատերը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Նվեր Պետրոսյանն է, ով տվյալ գործունեությամբ «Աղվերանի մարմարի հանքավայր» -ում զբաղվել է շուրջ 45 օր՝ առանց համապատասխան լիցենզիայի:

Իրականացվել է ապօրինի գործունեության ստուգում. Ն.Պետրոսյանին առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը կասեցվել է մինչեւ համապատասխան լիցենզիա ստանալը:

Ապօրինի ձեռնարակտիրության մյուս դեպքն էլ արձանագրվել է Հրազդանի ՋԷԿ-ին կից տարածքում գործող ալրաղացում: Այդտեղ գտնվող արտադրամասում՝ առանց պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառվելու, բնակիչ Գոռ Մկրտչյանն արտադրել է ալյուր եւ թեփ՝ հետագայում իրացնելով արտադրանքը: Օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ ալրաղացը հարկային դաշտից դուրս գործել է շուրջ 15 օր. այդ ժամանակահատվածում արդեն իսկ արտադրվել էր 16 տոննա ալյուր եւ թեփ: Ստուգման պահին արտադրամասում եղել է վեց աշխատակից:

Ալրաղացի գործունեությունը կասեցվել է՝ մինչեւ համապատասխան պետական գրանցում ստանալը: Ապօրինի ձեռնարկատիրության հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Հրազդանում հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն էլ իրականացրել է քաղաքացի Անժելա Հովակիմյանը. Հրազդանի միկրոշրջան թաղամասում վերջինս շուրջ չորս ամիս առանց համապատասխան լիցենզիայի ատամնաբուժական եւ ատամի պրոթեզավորման ծառայություններ է մատուցել, այնինչ հարկային տեսչությունում Ա.Հովակիմյանն իր գործունեությունը գրանցել էր որպես մանրածախ առեւտուր: Անհատ ձեռնարկատերը գործունեությունն իրականացրել է երկու վարձու աշխատողների՝ բժշկուհու եւ ատամնատեխնիկի միջոցով:

Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: Ապօրինի գործունեությունը կասեցվել է՝ մինչեւ համապատասխան լիցենզիա ստանալը:

Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության Սեւանի բաժնի աշխատակիցները՝ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ առանց պետական գրացման է գործում Ճամբարակի տոնավաճառը: Ապօրինի գործունեությունը ծավալել էր Ճամբարակի բնակիչ Մխիթար Սիմոնյանը. տոնավաճառը գործել է քաղաքի նախկին հանրախանութի առաջին հարկում՝ զբաղեցնելով 250քմ տարածք: