Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության առեւտրի նախարար Վալենտին Չեկանովին։ Նա տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն է եւ Հայաստան է ժամանել` մասնակցելու հանձնաժողովի ութերորդ նիստի աշխատանքներին, որը մեկնարկել է Երեւանում սեպտեմբերի 27-ին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները եւ ընդգծել առկա ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում կարեւորվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը եւ Երեւանում հայ-բելառուսական առեւտրի տան բացումը, որն իր աշխատանքներն սկսելու է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին։

Նախարար Չեկանովը ներկայացրել է հանձնաժողովի ութերորդ նիստի աշխատանքների արդյունքում կոնկրետ ծրագրերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մասնավորապես, նա նշել է, որ քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների ու զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վալենտին Չեկանովը խոսել է նաեւ ծավալված միջմարզային համագործակցության հաջող ընթացքի մասին եւ ընդգծել միջքաղաքային, մասնավորապես` Երեւանի ու Մինսկի միջեւ գործակցության զարգացման կարեւորությունը։

Խոսվել է նաեւ երկու ժողովուրդների միջեւ հումանիտար կապերի ամրապնդման անհրաժեշտությունից։ Այդ հարցում կառավարության ղեկավարը կարեւորել է 2011 թվականին Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը։

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ջերմ ողջույններ է փոխանցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկուն։