Ազգային Ժողովի 6 պատգամավորներ հեղինակել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են կրկնակի բարձրացնել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը։ Սույն առաջարկը հեղինակել են կոալիցիոն ուժերը եւ ՀՅԴ-ն: Առաջարկի հեղինակներն են՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Արամ Սաֆարյանը եւ Վարդան Բոստանջյանը, հանրապետականներից՝ Ռաֆիկ Պետրոսյանն ու Շիրակ Թորոսյանը, ինչպես նաեւ Հովհաննես Մարգարյանը «Օրինաց երկրից»։ Փաստորեն, իրենց աշխատավարձից գոհ են միայն ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավորները:
Այս օրինագիծը նախաձեռնվել է դեռեւս 2008 թ., սակայն տարբեր պատճառներով՝ ընտրություններ, ճգնաժամ, չի ընդունվել։ Հարցը կրկին օրակարգում է եւ չի բացառվում՝ որ 2011 թ. հունվարի 1-ից ղեկավարների աշխատավարձերն, իսկապես, կրկնապատկվեն։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք, 2011 թ. բյուջեն կազմվել է բարձրացվա՞ծ աշխատավարձերով։
Հիշեցնենք, որ գործող օրենքով, ՀՀ նախագահի աշխատավարձը սահմանվել է ամսական 400 հազ. դրամ (մոտ 1100 դոլար), ԱԺ նախագահի եւ վարչապետի աշխատավարձը՝ 340 հազ. դրամ (մոտ 920 դոլար), նախարարներինն ու պատգամավորներինը՝ 300 հազ. դրամ (մոտ 800 դոլար)։





























