Վրաստանում, ինչպես եւ Հայաստանում, լայն թափով ընթանում են խաղողի մթերման աշխատանքները։ Սակայն հարեւան երկրում մթերումներն ունեն որոշ առանձնահատկություններ։
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ մթերումների մեծ մասն իրականացնում են կոնյակի գործարանները, Վրաստանում դրանով զբաղվում են բացառապես գինեգործարանները։ Մթերման գները նույնիսկ ավելի ցածր են, քան Հայաստանում, սակայն կառավարությունը սուբսիդավորում է գործարաններին՝ արտադրված խաղողը ամբողջովին մթերելու համար։
Այսպես՝ Արեւելյան Վրաստանում (Կախեթի) «սապերավի» խաղողը մթերվում է կգ-ը 65 տետրիով, որը համարժեք է 130 դրամին։ Սա ամենաթանկ խաղողն է, սակայն մթերվող խաղողի ընդամենը 15 տոկոսն է։ Վրաստանի կառավարությունը 65 տետրիից 25 տետրին հատկացնում է որպես սուբսիդիա։ Այսպիսով՝ գործարանը խաղողի այս տեսակի համար գյուղացուն վճարում է ընդամենը 40 տետրի (մոտ 80 դրամ)։
Մթերվող խաղողների կեսից ավելին «րկացիտելի» սորտն է, որը մթերվում է 45 տետրիով (մոտ 90 դրամ), ընդ որում՝ կառավարության սուբսիդիան կգ-ի մեջ 15 տետրի է կամ գնի մեկ երրորդը։
Նշենք, որ Հայաստանի գինեգործարաններն ու կոնյակի գործարանները խաղողը մթերում են 110-130 դրամով։
Ըստ կանխատեսումների՝ Կախեթիում այս տարի մոտ 85 հազ. տոննա խաղող կմթերվի։




























