Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանոըմ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սմեսովը գոհունակությամբ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հետո Ֆրանսիան երկրորդ խոշոր ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված լուրջ առաջընթացի մասին:

Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ ծավալված արդյունավետ համագործակցության համատեքստում զրուցակիցները ողջունելի են համարել հայաստանյան շուկայում ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում` «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» բջջային օպերատորի, գործունեությունը եւ քննարկել  հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական կապերի  աշխուժացման հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ համագործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության եւ օծանելիքի արտադրության ոլորտներում:

Դեսպան Սմեսովն անդրադարձել է նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությանը եւ կարեւորել Հայաստանի ու Ֆրանսիայի քույր քաղաքների եւ շրջանների միջեւ բարեկամական կապերի ընդլայնումը:

Կառավարության ղեկավարը  հաջողություն է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ եւ  համոզմունք հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի  ու հայ ժողովրդի լավ բարեկամը: