Երեւանի բնակիչ, անչափահաս Խաչիկ Ղազանչյանին դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող՝ նրա 18-ամյա ընկերը հայտնաբերվել է, գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
18-ամյա Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Նրան սպառնում է ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը մի քանի ամիս է՝ փնտրում էր Սուրեն Մուրադյանին: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, միջնորդությունը բավարարվել էր, հայտարարվել էր հետախուզում:
Խաչիկ Ղազանչյանը դանակահարվել է հունվարի 6-ին: Մեկ ամիս կոմայի մեջ մնալուց հետո նա մահացել է:
Խաչիկի ծնողների պատմելով՝ դանակահարությունը եղել է, երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին, Սուրենը բարձր գոռացել է Խաչիկի անունը ու մեջքից դանակի հարվածներ հասցրել նրան: Այնուհետեւ տղային ինչ-որ տաքսու վարորդ բերել է շենքի մոտ, որտեղ նրանց տունն է, հարեւաններից մեկը տեսել է ու տարել հիվանդանոց:
Դանակահարության պատճառը Խաչիկի ծնողների համար անհայտ է: Վարկած է պտտվում, թե Խաչիկը շնորհավորել է Սուրենի Սուրբ Ծնունդը, ինչից նա վրդովվել է: Խաչիկի ծնողների խոսքով՝ Սուրենի վարքում տարօրինակություններ են եղել, նա սասափեցնող դիմակներով շրջել է փողոցում, ընկերները պատմել են, որ Սուրենը իրենց հաճախ տարօրինակ լուսանկարներ է ուղարկել՝ մարդկանց մարմնի կտրտված մասեր, դիակներ:

Լուսանկարում՝ Սուրեն Մուրադյանը



























