«Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գեւորգյանի՝ ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու եւ հասարակական կարգը խախտելու գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Գեւորգյանը դրսեւորել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք: Այն է՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով Արտակ Գեւորգյանը դիտավորությամբ հարվածել է ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին եւ նման ձեւով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով եւ նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով:

Արտակ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Գործը քննվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: