Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող, Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի Նազանի Մալխասյանի համար դատախազը պահանջել է 2,5 տարվա ազատազրկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց բժշկուհու փաստաբան Իշխան Վանոյանը:

«Մայիսի 19-ին նշանակված նիստում կլինի իմ պաշտպանական ճառը»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Նազանի Մալխասյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի համարում: Բժշկուհին շարունակում է աշխատել Գյումրիի բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:

Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: