2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 503.3 մլրդ դրամ (մոտ 1,32 մլրդ դոլար), իսկ ծախսերը` 529.8 մլրդ դրամ (մոտ 1,39 մլրդ դոլար): Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2 տոկոսով, իսկ ծախսերը՝ 7,1 տոկոսով։

Բնականաբար՝ պետական բյուջեի դեֆիցիտը շեշտակիորեն նվազել է, ինչը համահունչ է կառավարության զսպողական քաղաքականության։ Այսպես՝ դեֆիցիտը կազմել է 26.5 մլրդ դրամ (մոտ 70 մլն դոլար)։ Նշենք, որ 2009 թ. նույն ժամանակահատվածում դեֆիցիտը մոտ 3 անգամ ավելի էր։

Բյուջեի դեֆիցիտը ամբողջովին ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին, այնինչ արտաքին փոխառությունների գծով ավելի շատ վճարել ենք, քան ստացել (տարբերությունը կազմում է 6,5 մլրդ դրամ)։ Դա հիմնականում պայմանավորված է ԼՂՀ-ին տրամադրված 23,5 մլրդ դրամ (մոտ 60 մլն դոլար) միջպետական վարկով։ Եւս 6,4 մլրդ դրամ (մոտ 17 մլն դոլար) ուղղվել է արտաքին վարկերի մարմանը։