Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի եւ նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի եւ «ՋիԷմՍիԷս Պրահա» խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: 

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով ծրագրի կարեւորությունը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանի համար առաջնայինը համապատասխան մրցութային փաթեթների պատրաստումն ու հստակ ժամանակացույցի սահմանումն է, ըստ որի նոր աղբավայրի հիմնման գործընթացը կմտնի գործնական փուլ: Միեւնույն ժամանակ քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ աշխատանքների ընթացքում Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է հնարավորին աջակցել ընկերությանը:

Խորհրդատու կազմակերպության ղեկավար Ջեյն Սիսոեւան վստահեցրել է, որ իրենց կողմից արվելու է հնարավորը, որպեսզի Երեւանն առաջիկայում ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր, որը կլուծի մայրաքաղաքի համար մի շարք կարեւորագույն խնդիրներ:

Անդրադառնալով նոր աղբավայրի կոնցեպտուալ նախագծին ու հին աղբավայրի ճակատագրին՝ փորձագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու դիտարկումները եւ հնարավոր լուծումները: Հանդիպման ընթացում քննարկվել են նաեւ տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն առնչվող հարցեր:

Քաղաքապետի տեղակալը մեկ անգամ եւս շեշտել է, որ ծրագիրը սպասված է մայրաքաղաքի բնակիչների համար, որից ելնելով էլ օր առաջ պետք է մեկնարկել աշխատանքները, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն:

Հիշեցնենք, որ վարկային եւ դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում կառուցել եւ շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր: