Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանից հեռացված 29 դասախոսներից 14-ի հայցի քննության առաջին նիստը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը։
Փորձին՝ տեղեկանալ, թե ի՞նչ ընթացք է ունեցել առաջին դատական լսումը, Նավոյանը բավական ագեսիվ եւ կոպիտ կերպով նշեց. «Թողեք թող գործընթացը հանգիստ ընթանա։ Ոչ մի բան էլ չի պատահել, ինչո՞ւ եք այդքան վատ տրամադրված։ Մի քիչ մարդկանց հույս տվեք, մենակ վատն եք գրում։ Օրինակ, ասեմ, որ աշխատանքից հեռացված 29 դասախոսներից դատարան է դիմել միայն 14-ը։ Դա իրենց իրավունքն է։ Նրանք ասում են, թե իրենք են ճիշտ, մենք էլ ասում ենք՝ մենք։ Բայց ի վերջո դա կորոշի դատարանը»։
Արայիկ Նավոյանը նաեւ տեղեկացրեց, որ Ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսների մեծամասնությունը համատեղության կարգով այժմ դասավանդում է հայաստանյան այլ բուհերում։
«Նորմալ մասնագետը, որը ոչ մի բանից չի կառչում եւ արժանապատվություն ունի, նույնիսկ եթե մենք սխալ ենք, չի խախտի էթիկայի նորմերը։ Լավ, ենթադրենք՝ նրանք վերականգնվեցին իրենց նախկին աշխատանքին, համալսարանի վրա այսքան ցեխ շպրտելուց հետո ո՞նց են պատկերացնում իրնեց աշխատանքն այստեղ»,- նկատեց պրոռեկտորը։
Հարցին, թե Հայաստանո՞ւմ է, արդյոք, համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը եւ տեղյա՞կ է դատական գործընթացին, Նավոյանը հանկարծ բորբոքվեց ու լկտիաբար ասաց. «Ձե՞զ ինչ Հայաստանում է, թե Հայաստանում չէ։ Ձեր ի՞նչ գործն է, դրանից ի՞նչ է փոխվում»։
Նշենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ որոշ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ` այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին:



























