Ոչ մի լուծման տարբերակ էլ չի քննարկվում այս պահին, քանի որ Ադրբեջանը ոչ մի բանակցային գործընթաց չի ընդունում, բացի պատերազմից: NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծագումով ղարաբաղցի  Համլետ Հարությունյանն` անդրադառնալով հակառակորդի` հրադադարի ինտենսիվ խախտումներին:

«Ուժին ուժով պետք է պատասխանել, ես այլ բան չեմ կարող ասել: Չեմ կարող երկրի ղեկավարին ցուցումներ տալ` ինչ անել, բայց եւ այնպես ադրբեջանցիների հետ պետք է խոսել ուժի լեզվով»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այն պնդումներին, որ ուժի լեզվով խոսելու համար պետք է ուժեղ լինել, զինված ժամանակակից սպառազինությամբ, ինչպես հակառակորդը, Համլետ Հարությունյանն ասաց.  «Փառք Աստծո, մենք ունենք համապատասխան հզորությունը հուժկու հարված հասցնելու թշնամուն: Էս մի ամսվա ընթացքում մենք տնտեսության ու մնացած խնդիրները պետք է մի կողմ դնենք եւ ամեն ինչ ուղղենք բանակին, որպեսզի կարողանանք հզոր եւ հուժկու հարվածով լռեցնել թշնամուն»,-նշեց նա:

Պատգամավորը վստահ է, որ ոչ մի լուծման տարբերակ էլ չի քննարկվում այս պահին, քանի որ Ադրբեջանը ոչ մի բանակցային գործընթաց չի ընդունում, բացի պատերազմից:

«Ոչ կազանյան փաստաթուղթ, ոչ մադրիդյան, ոչ էլ նոր հաշտության պայմանագիր են քննարկում, նրանք միայն ուզում են ուժի միջոցով լուծել այդ հարցերը:  Հիմա մի հարց է քննարկվում` պատերազմ»,-ընդգծեց ՀՀ-ական պատգամավորը: