Եթե մարդ պարապ է մնում եւ ձանձրանում է, նա ամենայն հավանականությամբ իրեն կզբաղեցնի վնասակար սնունդ ընդունելով՝ համբուրգերներ, հոթ դոգեր, պիցցա, կոկա կոլա: Ընդ որում, նա կարող է առհասարակ քաղցած չլինել: Նման եզրակացության են եկել Կենտրոնական Լանքշիրի համալսարանի մասնագետները, փոխանցում է Planet- today-ը:
Գիտնականները կարողացել են պարզել, որ մարդիկ յուղոտ սննդի սուր պահանջ են զգում այն պահին, երբ անելու բան չեն ունենում:
Նրանք փորձ են անցկացրել, որի ժամանակ մասնակիցներին ձանձրալի տեսանյութ են ցուցադրել: Տեսանյութի դիտման ընթացքում մասնակիցներին տարբեր ուտելիքներ են առաջարկել:
Պարզվել է, որ ձանձրալի գործն ավարտին հասցնելուց հետո մարդիկ առավելապես հակված են վնասակար սնունդ ուտելու: Ընդ որում, ձանձրալի գործը նույնպես մարդուն դրդում է ֆաստ ֆուդ ուտել: Մասնագետների կարծիքով՝ ձանձրույթը կապ ունի ուղեղի վրա ազդող դոպամինի ցածր մակարդակի հետ, իսկ վնասակար ուտելիքով մենք փորձում ենք այն բարձրացնել:




























