Օլիգարխներին կուլակաթափ անելու եւ այդ գումարները բանակի սպառազինությանն ուղղելու մասին կոչերը նեոբոլշեւիզմի են տանում, կանգնեցնում են դասակարգային պայքարի եւ հասարակության տրոհման վտանգի առջեւ: Այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսօր պետք է արագացնել սոցիալական արդարության ներդրման գործընթացը, մեղմացնել սոցիալական բեւեռվածության երեւույթները, ազգովի ասել` այլեւս այդպես չենք անելու` իշխանությունից սկսած, ընդդիմությունով վերջացրած: Կասե՞ն դա բոլորը: Ես խիստ կասկածում եմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ամեն մեկը պատասխանատվության իր չափաբաժինն ունի. «Մի բան ասեմ չնեղանաք` մենք բոլորս լավն ենք իրար հետ, բայց մեկս մեկից լավը չի»:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո հասարակությունը տարբեր հարցեր է բարձրացնում, այդ թվում առաջարկում է կուլակաթափ անել օլիգարխներին ու գումարներն ուղղել բանակի սպառազինությանը: