Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցիխեում ազգությամբ հայ եւ վրացի երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաեւ դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից:
Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, դեսպանությունը կապ է հաստատել նաեւ տեղի իշխանությունների հետ, եւ ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:
Դեսպանն Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ տեղական իշխանությունների հետ:
Նշենք, որ akhaltskha.net-ի փոխանցմամբ, ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդները ավանդության համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ կրակ վառելու եւ այդպես հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հասնելով իրենց գյուղի տարածքում գտնվող սրբավայր հանդիպել են մարդկանց, որոնք խնջույք են արել եւ գտնվել են ոչ սթափ վիճակում: Այդ մարդիկ հարեւան Վալե քաղաքից են եղել: Իրար չհասկանալով կռվի են բռնվել, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ հարթվել է: Իսկ կեսգիշերին Ախալցխայի ոստիկանությունը բազմաթիվ երիտասարդների ոստիկանության տեղամաս է տարել:





























