Լեռնային Ղարաբաղը երբեւիցե չի եղել անկախ Ադրբեջանի մաս. այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Հելսինկիի համալսարանում իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետեւ սանձազերծելով բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների օգտագործմամբ:

«Չնայած 1994 եւ 1995 թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը  անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների եւ միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում եւ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բասացական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով:

Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքը իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ  հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

 Նա նշել է, որ ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր՝ ուղղված բանակցային գործընթացին եւ առավել քան 20 տարվա ընթացքում համանախագահների գործադրած ջանքերին: «Այժմ հսկայական ջանքեր են անհրաժեշտ բանակցային գործընթացի համար համապատասխան բարենաստ պայմանների հաստատման նպատակով:

 Հայաստանն ու Լեռային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան  հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցություննեի ճանապարհով կարգավորման հանդեպ: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հարության ջանքերը պետք է ուղղված լինեն՝ պարտադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»,-ասել է Նալբանդյանը: