Ադրբեջանի նպատակներից մեկը միջազգային համայնքի ու առանձին ազդեցիկ երկրների արձագանքը ստուգելն էր: Այս մասին մայիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը երկար ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններից դուրս առանձին համակարգ էր ստեղծում: Ադրբեջանի օգտագործած հռետորաբանությունը, ըստ նախկին պատգամավորի, դուրս էր գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռազմավարության շրջանակներից: «Ադրբեջանի նպատակը Ռուսաստանի արձագանքը ստուգելն էր ու տեսնելը, թե ինչպես կաշխատի ՀԱՊԿ երկրների անվտանգության ու զսպման համակարգը: Ադրբեջանի մեկ այլ նպատակ էր Լեռնային Ղարաբաղի ռազմական ներուժը ստուգելը»,- նշել է Իգիթյանը եւ միաժամանակ հավելել՝ ո՛չ միջազգային համայնքը, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, մասնավորապես, պատշաճ ձեւով չեն արձագանքել այս խնդրին՝ նրանց հայտարարությունները անատամ ու չեզոք էին: