ՀՀԿ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ իր աղմկահարույց հայտարարության մեջ «գրավյալ տարածք» ձեւակերպումը  օգտագործել է, քանի որ լրագրողն է այդպես ձեւակեպել հարցը:

«Տեսանյութը տեղադրված է մամուլում, եւ մարդկանց, որոնք անդրադառնում են դրան, ես հարցնում եմ՝ դուք արդյոք տեսե՞լ եք այդ տեսանյութը՝ ով ինչ է ասել, որովհետեւ լրագրողն ինձ հարցը տվել է՝ արդյոք Ձեր սկզբո՞ւնքն է գրավյալ տարածք վերադարձնելը, որին ես վերադարձրել եմ՝ մեր սկզբունքը չի գրավյալ տարածք վերադարձնելը, մեր սկզբունքն այն է, որ արցախյան հարցը պիտի լուծվի միջազգային ճանաչման հանրաքվեի, արցախյան ժողովրդի իրավական վերջնական կամարտահայտման հիման վրա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը:

Մեր պնդմանը, որ բացի դրանից, նաեւ ասել է՝ «մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում», ինչի հիման ադրբեջանական մամուլն այսօր հայտարարում է, թե Հայաստանի իշխանություններն ընդունում են, որ դրանք իրենց հողերը չեն, Նաղդալյանը արձագանքել է. «Ես համարում եմ, որ այս ամենի մեջ կա բավականին մեծ թյուրիմացություն, հաճախ է պատահում նման գործելակերպ, որ խոսքից վերցնում, անջատում են մի միտք, որն ամբողջական չի, կտրված է ամբողջ խոսքից, դա պտտեցնում են ու դրա վրա կառուցում ստեր, անում եզրակացություններ: Ես անընդունելի եմ համարում այդպիսի գործելաոճը»:

Հարցին՝ արդյոք Նաղդալյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ հաշվի առնելով, որ դա են պահանջում մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ, այդ թվում՝ Արցախից, նաեւ այն, որ առաջիկա ԵԽԽՎ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունն անխուսափելիորեն օգտագործելու է նրա հայտարարությունը, Նաղդալյանն արձագանքեց. «Այսօր  հրաժարականի  հարցադրումը շինծու է, մտացածին եւ հնարված է շահագրգիռների կողմից: Ես կարծում եմ՝ մեր երկրում որեւէ պաշտոնյայի հրաժարական տալու խնդիրը լուծվում է իշխող կուսակցության ղեկավարության լուծումներով: Սուտ, կեղծ, մտացածին, հնարովի, կոնտեքստից կտրված հիմքերի վրա չեմ կարծում, որ ճիշտ է նման հարցապնդում անելը»:

Նաղդալյանը վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանն իր հետ այդ թեմայով չի խոսել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ասել էր. «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է»: Նա նաեւ նշել էր, որ «մեր փոխզիջումը ոչ թե հինգ «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը»: