Այսօր` սեպտեմբերի 29-ին, Երեւանում պաշտոնապես բացվել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը: Նիստի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ժամանակ է՝ ոչ միայն պարզապես հյուր գնալ, այլեւ համատեղ լուրջ վերահսկողական միջոցառումներ անցկացնել: Օրինակ՝ Հայաստանի վերահսկիչ պալատի հետ մտադիր ենք ստորագրել մինչեւ 2012թ. համատեղ գործողությունների ծրագիր: Դա վերաբերում է հիդրո- եւ էլեկտրաէներգետիկային, բանկերի գործունեությանը, խոշոր ներդրումային նախագծերին: Այդ մասին Երեւանումհայտարարել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը՝ Երեւանում ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանի նախօրեին:

Նստաշրջանը մեկնարկումէ  այսօր՝ սեպտեմբերի 29-ին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են EUROSAI նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկողական մարմնի նախագահ Յացեկ Յեզերսկին, Ռուսաստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովիայի, Ուկրաինայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվիայի համապատասխան կառույցների ղեկավարները:

Նիստի ընթացքում կներկայացվեն ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության արդյունքները 9-րդ եւ 10-րդ գագաթաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում, կընդունվի ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի կանոնադրությունը նոր խմբագրությամբ, կստորագրվեն մի շարք համաձայնագրեր բարձրագույն ֆինանսական վերահսկողական մարմինների կողմից համատեղ վերահսկողական միջոցառումների անցկացման վերաբերյալ:

Սերգեյ Ստեպաշինը նախօրեին Իշխան Զաքարյանի հետ այցելել է Գյումրի, եղել «Պատվո բլուրում», ուր հանգչում են ռուս սպաներն ու զինվորները:

Ռուսական պատվիրակության անդամները եղել են նաեւ Ծիծեռնակաբերդի համալիրում, ծաղիկներ դրել «Անմար կրակին»: «Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը պատվի եւ խղճի գործ է: Ես այստեղ առաջին անգամ չեմ»,- ասել է Սերգեյ Ստեպաշինը: