Շաքարի համաշխարհային գները գտնվում են դեռեւս շատ բարձր մակարդակի վրա։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։ Նյու Յորքի բորսայում շաքարի հումքի գինը այսօր` սեպտեմբերի 29-ին 24,86 ցենտ էր 1 ֆունտի համար (1 ֆունտը հավասար է 0,454 կգ), իսկ երեկ որոշ գործարքներում հասել է 25,03 ցենտի, որը առավելագույն թանկ գինն է փետրվարից հետո։
Լոնդոնի NYSE Liffe բորսայում ռաֆինացված շաքարը վաճառվել է տոննան 644,1 դոլարով, որոշ գործարքներում՝ 648,3 դոլարով՝ սա շաքարավազի առավելագույն գինն է մարտի 1-ից հետո։
Ներդրողները մտահոգ են, որ Բրազիլիայի երաշտը, որի հետեւանքով Ամազոնում ջրի մակարդակը իջել է մինչեւ 47 տարվա նվազագույն մակարդակին, կվնասի նաեւ շաքարեղեգի բերքին։ Իսկ Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգում ջրհեղեղի հետեւանքով 2,1 մլն հա շաքարեղեգի ցանքերի 10 տոկոսը հայտնվել է ջրի տակ։
Նշենք, որ Բրազիլիան եւ Հնդկաստանը աշխարհում շաքարի հումքի խոշորագույն արտահանողներն են։ Երրորդ խոշոր մատակարար երկրում՝ Ավստրալիայում, նույնպես անբարենպաստ եղանակներ են։
Շաքարի արտադրության խնդիրներին զուգահեռ՝ աշխարհում աճում է շաքարի օգտագործումը։ Զարգացող երկրներում շաքարը դիտվում է որպես էժան կալորիայի ստացման աղբյուր։
Երաշտը հարվածել է նաեւ Ռուսաստանի շաքարի ճակընդեղի ցանքերին, որի հետեւանքով երկիրը պատրաստվում է արտասահմանից շաքարի լրացուցիչ գնումներ կատարել։ Ռուսաստանի շաքարարտադրողների միության կանխատեսումներով՝ երկրում շաքարի արտադրությունը կկազմի 3,2-3,5 մլն տոննա, որը միայն կիսով չափ կբավարարի ներքին պահանջարկը։ Ի դեպ՝ Ռուսաստանում շաքարի ճակընդեղի մշակման նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բերքատվությունը համարյա կրկնակի աճել է։
Վերջին տվյալներով՝ Երեւանի մեծածախ առեւտրի կետերում շաքարավազի 1 պարկը (50 կգ) վաճառվում է 15150 դրամով (մոտ 41 դոլար), կամ կգ-ը՝ 303 դրամով (83 ցենտ)։ Ընդ որում՝ առաջարկվում է բացառապես Գյումրիի գործարանի շաքարավազը։ Վերջին երկու շաբաթում շաքարի մեծածախ գինը աճել է մոտ 10 դրամով՝ 1 կգ-ի համար։ Մանրածախ առեւտրի կետերում առայժմ շաքարավազի գնի էական փոփոխություններ չկան, սակայն հաշվի առնելով, որ մեծածախ գինը բարձրացել է՝ հնարավոր է 10-20 դրամի թանկացումներ։




























