Գոշտ ընտանիքի վեց անդամի սպանության կասկածով ձերբակալված Օրհան Զոհրաբովը նախկինում դատվել է ոչխարների գողության համար: Այդ մասին  Life-ին հայտնել է Անգելինան` ձերբակալվածներից մեկի աղջիկը:   

«Օրհանը նստել է ոչխար գողանալու համար: Բայց ինձ թվում է, որ ոչ Իսլամը, ոչ Օրհանը ոստիկանության պետի նկատմամբ պահանջներ չեն ունեցել: Այո,  Օրհանն ատում է ոստիկաններին, բայց չէր կարող ավազակային հարձակում կատարել: Ոչխարներից բացի, նա ոչինչ չէր գողանում», — հայտնել է նա:

Այսօր քննիչները սկսել են հարցաքննել Սիզրանի ոստիկանության նախկին ղեկավար Գոշտի եւ նրա ընտանիքի սպանության մեջ կասկածվողների ծնողներին եւ եղբայրներին: 

Հարեւանների խոսքով, Օրհան Զոհրաբովի, Շիրհանի եւ Շուրուի ծնողներին իրավապահները տարել են դեռեւս անցյալ երեկոյան: Նրանց հետ միասին հարցաքննության է հասցվել Օրհանի եղբայրը` Ակշինը: Զոհրաբովի ազգականներից ոչ մեկն առայժմ չի հայտնվել: 

Այս առավոտ հարցաքննության են բերվել Ռոման Ֆատալիեւի ազգականները: Հարեւանները պատմել են, որ նրանց այնպիսի շտապողականությամբ են տարել, որ մոռացել են նույնիսկ տան դռները փակել: Իրեն` Ռոմանին նրանք վերջին անգամ տեսել էին մեկ ամիս առաջ: 

Իսլամ Բաբեւի երկու եղբորը` Ազերին եւ Ռուստամին օպերատիվ աշխատողները տարել էին դեռեւս իրենց կրտսեր եղբոր ձերբակալության ժամանակ: Նրանք երկուսն էլ արդեն մի քանի օր է` տանը չեն քնում:  

Ավելի վաղ օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել Գոշտի սպանության մեջ երեք կասկածվողի, իսկ չորրորդին հաջողվել է հեռանալ երկրից: Դատարանը բոլոր ձերբակալվածներին կալանքի է առել մինչեւ հուլիսի   2-ը:

Հիշեցնենք, որ Անդրեյ Գոշտի եւ նրա հինգ հարազատի նկատմամբ դաժան հաշվեհարդար էր իրականացվել ապրիլի   23-ի լույս 24-ի գիշերը` Սամարայի մարզի Իվաշեւկա գյուղում: Քնած մարդկանց ծեծել էին ամրանների կտորներով: Հարձակումից հետո ողջ էր մնացել  միայն 7 տարեկան փոքր աղջիկը` Սոֆյան: Նա գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել: