Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել է անցյալ հանգստյան օրերին Միջերկրական ծովում փախստականների զանգվածային մահվան մասին, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով Reuters-ին:

IOM-ի տվյալներով, երկու օրվա` ապրիլի 30-ի եւ մայիսի 1-ի ընթացքում առնվազն 113 մարդ է զոհվել` փորձելով Լիբիայից Իտալիա հասնել:  Ընդհանուր առմամբ միգրանտներ տեղափոխող նավակների հետ կապված չորս միջադեպ է գրանցվել: Մեկ դեպքում իտալական առեւտրական նավը հասցրել է օգնության հասնել եւ ջրից հանել 26 մարդու, մինչ մնացած  84-ը զոհվել են: Եվս 29 մարդ խեղդվել է` փորձելով ռետինե նավակներով կտրել Թունիսի նեղուցը, որը Սիցիլիան անջատում է աֆրիկյան առափնյա շրջանից: Չորրորդ խորտակված նավի մասին առայժմ տեղեկություն չկա: 

Միգրանտների մեծամասնությունը, որոնք փորձում են ծովով Եվրոպա հասնել, Արեւմտյան Աֆրիկայի երկրներից է (հիմնականում` Նիգերիայից), ինչպես նաեւ Աֆրիկյան Եղջյուրի շրջանից: Սիրիացիներ, աֆղաններ եւ իրաքցիներ նրանց մեջ գրեթե չկան, բայց մոտ ժամանակներս, կարծում են իտալական իշխանությունները, այն փախստականները, որոնք նախկինում ԵՄ էին հասնում Բալկաններով տարանցմամբ, կգիտակցեն, որ ծովային ուղին այլընտրանք չունի: 

Ընդհանուր առմամբ տարեսկզբից Միջերկրական ծովում  1357 միգրանտ եւ փախստական է զոհվել, միեւնույն ժամանակ 28 593 մարդ բարեհաջող հասել է Իտալիա, իսկ   154 862-ը ափ է իջել Հունաստանի առափնյա հատվածում:

2015-ին ԵՄ-ում ճգնաժամ է սկսվել փախստականների հոսքի պատճառով:    IОМ-ի տվյալներով, մեկ տարվա ընթացքում Եվրոպա է եկել ավելի քան մեկ մլն վերաբնակիչ հիմնականում Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Աֆղանստանից: ՄԱԿ-ի տվյալներով,  2016-ին կարող է կրկնապատկվել միգրացիոն ալիքը Եվրամիություն:  2016-ի մարտին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքում Սլովենիան, Խորվաթիան, Սերբիան, Մակեդոնիան եւ Բուլղարիան հայտնել են Մերձավոր Արեւելքից փախստականների համար սահմանները փակելու մասին, ինչից հետո միգրանտների հիմնական հոսքը եկել է Իտալիայով:  Փախստականները, որոնք գալիս են Բրեններ լեռնանցքով, որտեղ արդեն բազմիցս ընդհարումներ են տեղի ունեցել,  փորձում են ներթափանցել Ավստրիա, իսկ այնտեղից մեկնել Գերմանիա: