Գյումրիում մայիսի 3-ին տեղի ունեցած դանակահարության դեպքով, որի հետեւանքով մեկքաղաքացի մահացել է հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով) եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանությունը՝ անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ):

Նշենք, որ մեր տեղեկություններով, դանակահարված քաղաքացիները, որոնք մայիսի 3-ի երեկոյան տեղափոխվել են «Գյումրիի» բժշկական կենտրոն,  տաքսու վարորդներ են, նրանց դանակահարել է Հովո անունով երիտասարդ, որը «քեֆից» է դուրս եկել եւ վիճաբանության մեջ  մտել քաղաքացիների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Գյումրի» բժշկական կենտրոն մայիսի 3-ին, կտրած-ծակած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել, որոնցից մեկը մահացել է: Գյումրի քաղաքի բնակիչ 50-ամյա  Արթուր Չ.-ն, որ  մոտ ախտորոշվել են լյարդի, երիկամի վնասվածքներ, ներքին արյունահոսություն, ժամը 21:30-ին մահացել է:

Դանակահարվածներից մյուսի՝ Գյումրիի  49-ամյա  բնակիչ Աշոտ Է.-ի մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք, բարակ եւ հաստ աղիների վնասվածք, ներքին արյունահոսություն: Հիվանդին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: