Ուկրաինայի Դնեպրոպետրովսկում ոստիկանությունը 12 քրեական հեղինակության է ձերբակալել նրանց հավաքի ժամանակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դոնեցկի մարզի ազգային ոստիկանության պետ Վյաչեսլավ Ամբրոսկինը, փոխանցում է Korrespondent-ը։
«Օրերս Դոնետչինայի ոստիկանությունը Դնեպրոպետրովսկում գործընկերներին տեղեկություն էր հայտնել, թե որտեղ է կայանալու Դոնեցկի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի քրեական հեղինակությունների հավաքը։ Նրանց հավաքի նպատակը գործունեության հաշվետվություն ներկայացնելն էր եւ ապագայի պլանները քննարկելը։ Դնեպրոպետրովսկում էլ նրանց «ընդունել» էին»,- գրել է Ամբրոսկինը։
Նրա խոսքով՝ մասնավորապես ձերբակալվել են «օրենքով գողեր» Վիտյա Թբիլիսսկին, Վիգեն Երեւանսկին, «Արբուզը», «Մոզգը» եւ այլք՝ ընդհանուր առմամբ 12 մարդ։
Ամբրոսկինը նշել է, որ ոմանց հաջողվել է խուսափել ձերբակալումից Դնեպրոպետրովսկում, սակայն ավելի ուշ նրանց բռնել էին Կրասնոարմեյսկում։
Դրանից առաջ՝ ապրիլի 12-ին, Կիեւում ձերբակալվել էր Ռաֆիկ Երեւանսկին։
Նշենք, որ նա բանտում էր անցկացրել 21 տարի գողության, խուլիգանության, զենքի եւ թմրանյութերի հետ ապօրինի գործողությունների համար։



























