ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից analitik.am լրատվական կայքի տնօրենի, տնօրենի օգնականի եւ մամուլի ակումբի պատասխանատուի կողմից գումար շորթելու դեպքով հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ   ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը:

Ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանանքները պարզելու համար:

Հիշեցնենք, որ ոստիկանության փոխանցմամբ, մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը (Անի Հովհաննիսյան-խմբ.) կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր՝ որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Ի դեպ, նշված կայքը նաեւ աչքի էր ընկել փաստաբաններ Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի դեմ հոդվածներ գրելով, կամ այլ կայքերից պատվիրված հոդվածներն արտատպելով։ Ներկայումս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի հայցն ընդդեմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ նրա մամուլի նախկին քարտուղար Հայկ Հակոբյանի, իսկ այդ գործում որպես երրորդ անձ ընդգրկված է «Անալիտիկ.am» կայքը։