Մայիսի 4-ին Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:

Քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետեւանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձեւավորելուն:

Շեշտվեց, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: Յոհանես Հանը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Հայաստանի արտգործնախարարը եւ ԵՄ հանձնակատարն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկուստեք գոհունակություն հայտնվեց նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքի կապակցությամբ: Կարեւորվեց առկա ձեռքբերումների հիման վրա փոխշահավետ համագործակցության զարգացումը: