ՀՀ Վերաքննիչ դատարանում մայիսի 5-ին քննվելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող Հովհաննես Մուրադյանի գործով դատախազի բողոքը: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Մուրադյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ դատախազը բողոք է ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորումը մերժելու որոշման դեմ. «Դատախազն է բողոքարկել, որ առաջին ատյանի դատարանը Հովհաննես Մուրադյանին կալանավորելու որոշում չի կայացրել»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող Հովհաննես Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ:
Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հ. Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:
Նշենք, որ ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ Հովհաննես Մուրադյանը տաքսու վարորդ է:





























