Մոսկվայում Կենտրոնական Ասիայի երկրներից քաղաքացիների խումբ է ձերբակալվել, որոնք ծրագրում էին Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսյան տոներին ահաբեկչություններ իրականացնել: Այս մասին ասված է Ռուսաստանի ՀԴԾ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ըստ ՏԱՍՍ-ի, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները ահաբեկչություններ են նախապատրաստել Սիրիայի եւ Թուրքիայի տարածքում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների հանձնարարությամբ:

«Մեծ քանակությամբ զենք, պայթուցիկ նյութեր եւ ահաբեկչական գործողությունների համար նախատեսված այլ միջոցներ են առգրավվել: Ձերբակալվածները խոստովանական ցուցմունքներ են տալիս»,- նշել են ՀԴԾ-ում՝ հավելելով, որ հետաքննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների ինքնությունը չի հրապարակվում: