«Հայաստանի պետական պարտքը հստակ կառավարվում է ու վերահսկվում: Այդ առումով մենք թույալտրելի շրջանակներում ենք»,- այսօր նման տեսակետ է հայտնել Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, պետական պարտքի մասին օրենքը թույլ է տալիս, որ այն հասնի մինչեւ ՀՆԱ-ի 60 տոկոսին, սակայն 50 տոկոսից անցնելու դեպքում սկսում են գործել որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, պետական պարտքը ՀՆԱ 50 տոկոսից անցնելուց հետո, օրինակ, բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը:

Այդուհանդերձ, ըստ Տ. Դավթյանի, այդ առումով մտահոգվելու խնդիր չկա, քանի որ Հայաստանում այդ ցուցանիշը չի հասել այդ սահմանին: «Երկրում պահպանվում է մակրոտնտեսական կայունությունը: Մենք ունենք հստակ ծրագիր, թե ինչպես ենք սպասարկելու պետական պարտքը մինչեւ 2025 թվականը»,- ասաց նա: