Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը, ըստ ամենայնի, չի ազդի Մոսկվայում ներդրումներ կատարած հայ գործարարների վրա, քանի որ նրանք այնքան խելացի են, որ անմիջապես կանցնեն ծանր նժարի կողմն ու կպահպանեն իրենց ունեցվածքը: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի տնտեսվարողները նախ պետք է ներդրումներ անեն Հայաստանում եւ զարգացնեն մեր երկրի տնտեսությունը:

Արմեն Մարտիրոսյանն այս համատեքստում մեջբերեց մամուլում վերջերս հրապարակված այն հոդվածը, որում պատմվում է, թե ինչպես են Հայաստանի քաղաքական գործիչները ջրի գնով՝ 12 միլիոն դոլարով սեփականաշնորհել Հայաստանի բաշխիչ ցանցերը եւ անաշխատ եղանակով՝ թալանի արդյունքում ձեռք բերված գումարները ներդրել Մոսկվայում:

«Ժառանգության» պատգամավորը նաեւ հավելեց. «Լուժկովի պաշտոնանկությունը լավ օրինակ է, հասկանալու համար, որ եթե քաղաքական համակարգը անջատված չէ տնտեսական համակարգից եւ միաձուլված է նրան, ինչպե՞ս կարող է իշխանության փոփոխությունը չբերել տնտեսական վայրիվերումների եւ ներդրումների համար վտանգավոր իրավիճակներ չստեղծել»: