Թուրքիան՝ արեւմտյան ժողովրդավարության եւ արեւելյան մշակույթի ինքնատիպ խառնուրդը, անհետացման վտանգի տակ է: Բայց երկրում հրաշալի մարդիկ են ապրում, որոնք, հակառակ ամեն ինչի, կպահպանեն իրենց համոզմունքները: Այս մասին բրիտանական Guardian-ում հրապարակված հոդվածում գրել է թուրքական ծագմամբ ամերիկյան գրող Էլիֆ Շաֆաքը:
«Թուրքիայում քաղաքական խնդիրների ֆոնին, որոնց գագաթնակետը քաղաքականությունից հեռանալու մասին վարչապետի հայտարարությունն էր, թուրքական խորհրդարանում թեժ բանավեճերի թեմա դարձավ Օսկար Ուայլդը: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահը հայտարարեց, որ ցանկանում է անգլիական դասականից մի տող մեջբերել: Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից պատգամավորը հայտարարեց, որ եթե նա թուրք եւ մահմեդական չէ, նրանից մեջբերում անել չի կարելի: «Մենք մեր մշակույթից եւ քաղաքակրթությունից մեկը չունե՞նք, որից կարելի է մեջբերում անել»,- հարցրեց նա:
Իշխանական եւս մեկ պատգամավոր էլ Օսկար Ուայլդին շփոթեց ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հետ: Սրան ԺԴԿ-ի պատգամավորը պատասխանեց. «Նա Օսկար Ուայլդն է: Նա մրցանակ չէ: Նա մարդ է»:
Երբ պատգամավորները չեն քննարկում Ուայլդին, նրանք ծեծում են իրար: Քրդական կուսակցությունից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին նախագծի քննարկման ժամանակ, ի դեպ՝ կանխամտածված քայլ, որը կարող է հանգեցնել նրանցից շատերի ազատազրկմանը, հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա հարձակվեցին: Նա հայտարարեց. «Նրանք չեն կարողանում մարսել այն, որ ծագումով հայը կարող է մատնանշել նրանց սուտը եւ չխոնարհվել իրենց առջեւ»:
Թուրքիայում հայ լինելը դժվար է: Կամ քուրդ, կամ ալեւի, կամ նույնասեռական, կամ հրեա, կամ կին, կամ պարզապես չհամաձայնել այն ամենի հետ, ինչ կատարվում է երկրում: Իսկ եթե ձեզ մոտ այս ամենից մի քանիսը համընկնում են, ձեր կյանքն առավել դժվար է դառնում: Եվ այս ոչ ուրախ ցանկը շարունակվում է: Հասարակության բազմազանությունը խեղդում են: Խոսքի ազատությունը մի կողմ են թողել: Երկրում միանմանության գաղափարախոսությունն է գերիշխում: Այն ձեւավորում են թուրքական ազգայնականությունը, իսլամականությունն ու բռնակալությունը:
Թուրքիան պարզապես քաղաքականապես բեւեռացված չէ: Այն երկու մոլորակի է բաժանված. նրանց միջեւ, ովքեր սատարել եւ սատարելու են նախագահին, եւ նրանց, ովքեր տարբեր պատճառներով դեմ են դրան: Նախագահը, որը տեսականորեն պետք է քաղաքական կուսակցություններից վեր կանգնած լինի, իրականում ամեն ինչ է, բայց ոչ չեզոք:
Իսկ Արդարություն եւ զարգացում կուսակցությունում ներկուսակցական ժողովրդավարության հետք անգամ չկա: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը բոլորին զարմացրեց: Նա հայտարարեց, որ իր պաշտոնանկությունը ոչ այնքան ազատ ընտրություն, որքան անհրաժեշտությունն էր: Գաղտնիք չէ, որ նրա հետնորդն Էրդողանի դրածոն կլինի: Ի վերջո, նա ցանկանում է Թուրքիան վերածել նախագահական հանրապետության եւ ամրապնդել իր իշխանությունը:
Փոքրաթիվ ընդդիմությունը, որը դեռեւս մնում է, մասնատված է եւ բարոյազրկված: Երեք տարի առաջ Գեզի զբոսայգում տեղի ունեցած իրադարձություններից հետո հանրությանը կանոնավոր կերպով վախեցնում են: Թուրքիայում միջինը 4 օրը մեկ որեւէ մեկի դեմ դատական հայց են ներկայացնում Էրդողանին վիրավորելու համար: Նրա նախագահ դառնալուց ի վեր այդպիսի հայցերի թիվը հասել է 2 հազարի: Նկարիչների, լրագրողների, ծաղրանկարիչների դեմ, նույնիսկ ուսանողների՝ Facebook-ում մեկնաբանությունների համար:
Թուրքիայում ամեն ինչ փոխվում է, եւ շատ արագ: Մենք՝ թուրքերս, ապրում ենք մեկ զգացողությամբ՝ «իսկ հետո՞», իմանալով, որ ամեն օր ինչ-որ նոր բան է տեղի ունենում: Երկիրը հետ է գլորվում, եւ ժողովրդավարության առանցքային բաղադրիչները՝ ուժերի տարանջատում, իրավունքի գերակայություն, խոսքի ազատություն, գրեթե ոչնչացված են:
Հայտնի գիտնական եւ հրապարակախոս Մուրատ Բելգեն դատարանի առջեւ է կանգնել նախագահին վիրավորելու համար: Անատոլիայի հարավ-արեւելքում կառավարության գործողությունները քննադատող ստորագրահավաքին մասնակցած գիտնականներն իշխանամետ լրատվամիջոցների հարձակումների թիրախ են դարձել: Շատերը կորցրեցին աշխատանքը, չորս մարդ ազատազրկվեց: Տխրահռչակ 301 հոդվածը, պաշտպանելով «թուրքական ինքնությունը», չնայած ոչ ոք հստակ չգիտի, թե դա ինչ է, կրկին առաջին պլանում հայտնվեց:
Վերջերս խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը սարսափեցնող առաջարկությամբ հանդես եկավ. «Աշխարհականությունը չպետք է տեղ ունենա նոր Սահմանադրությունում»: Իսկ պետության աշխարհիկ կարգը միակ սկզբունքն էր, որը Թուրքիան առանձնացնում էր մերձավորարեւելյան մյուս երկրներից: Այն երկիրը համեմատաբար լիբերալ, բազմազան էր դարձնում:
Ի՞նչ եղավ թուրքական մոդելի հետ, որի հետ մենք այդքան հույսեր էինք կապում: Արեւմտյան ժողովրդավարության, աշխարհականության եւ գերազանցապես մահմեդական մշակույթի ինքնատիպ խառնուրդից միայն դատարկ հռետորաբանությունը մնաց: Նույնիսկ Եվրամիությունը, ուր մենք՝ թուրքերս, նախկինում այդքան ձգտում էինք, վերածվել է քաղաքական խաղի:
Բայց, ամեն դեպքում, Թուրքիայում միլիոնավոր հրաշալի մարդիկ կան, որոնք, չնայած միայնակ են եւ տարբերվում են, իրենց կառավարությունից առաջ են կանգնած:
Իսկ ինչի՞ մասին էր մեջբերումը, որը խորհրդարանում չցանկացան լսել: Իշխանության գռեհկության»:




























